Մեր թիմն ակտիվ մասնակցեց Արզնի գյուղում կայացած հայկական մշակույթի, խոհանոցի և ազգային փոքրամասնությունների փառատոնին։
Ավելի քան 30 տաղավարներում Հայաստանի տարբեր ազգային համայնքների ներկայացուցիչները ներկայացրին իրենց մշակույթը, ավանդույթները, արհեստներն ու ազգային խոհանոցը։ Ասորական, մոլդովական, ռուսական, ուկրաինական, հունական և այլ մշակույթներ կողք կողքի էին՝ ստեղծելով մշակութային բազմազանության և փոխադարձ հարգանքի յուրահատուկ միջավայր։
«Արցախ» միասնական տարբերանշանի ներքո ներկայացված տասը տաղավարներում մեր ձեռագործ վարպետները, արհեստավորներն ու խոհարարները ներկայացրին արցախյան ստեղծագործական և խոհարարական ավանդույթների բազմազանությունը՝ ավանդական ասեղնագործությունից ու ձեռագործ զարդերից մինչև արցախյան խոհանոցի խորհրդանիշներից մեկը՝ ժենգյալով հացը։
Մեր մասնակցությանը առանձնահատուկ նշանակություն հաղորդեցին արցախյան գեղարվեստական խմբերի ելույթները։ Արցախի պետական երգի-պարի համույթը և «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը հնարավորություն տվեցին փառատոնի հյուրերին ծանոթանալու ոչ միայն արցախյան խոհանոցին ու արհեստներին, այլև մեր հայրենիքի կենդանի երաժշտական և պարային ավանդույթներին։
Մեզ համար նման միջոցառումները կարևոր հնարավորություն են՝ աջակցելու արցախցի վարպետներին, նպաստելու արցախյան մշակույթի հանրահռչակմանը և պահպանելու այն ավանդույթները, որոնք շարունակում են ապրել մարդկանց, նրանց տաղանդի ու աշխատանքի շնորհիվ։
Առանձնահատուկ շնորհակալություն փառատոնի բոլոր կազմակերպիչներին՝ նախաձեռնության և հրավերի, ինչպես նաև տարբեր մշակույթները ներկայացնելու ու ճանաչելու հարթակ ստեղծելու համար։